Կորոնավիրուսի թեստերի վրա Հայաստանի բյուջեից ամսական 1 մլն դոլար է ծախսվում

ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` մինչ օրս ՀՀ-ում կատարված ընդհանուր թեստերի թիվը կազմում է 77 686:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Կորոնավիրուսի հայտնաբերման PCR թեստերի վրա ՀՀ պետական բյուջեից ամսական շուրջ 1 մլն դոլար գումար է ծախսվում: Այսօր ԱԺ-ում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Աշնանը կորոնավիրուսը կնահանջի՞. նախարարը ստիպված է տխրեցնել

«Այն թեստերով, որոնք մենք ձեռք էինք բերել Չինաստանից, մեկ PCR հետազոտության գինը շուրջ 30 դոլար է կազմում: Եթե մենք օրական 1000 հետազոտություն անենք, դա օրական 30 000 դոլար է, իսկ իսկ ամսական՝ մոտավորապես 1 մլն դոլար»,- ասաց նախարարը:

Թորոսյանը հույս հայտնեց, որ տեղական արտադրության թեստերը, որոնց ինքնարժեքն անհամեմատ ավելի ցածր է, թույլ կտան էապես կրճատել թեստավորման համար բյուջեից ծախսվող գումարների ծավալը:

«Իհարկե, այնտեղ կան նաև այլ նյութերի՝ փայտիկի, փորձանոթի, սարքերի, ամորտիզացիայի ստաբիլ ծախսեր, բայց բուն թեստի գինը եթե մեզ հաջողվի նվազեցնել, մենք էական տնտեսում կունենանք»,- ասաց Թորոսյանը:

Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարության` այսօր առավոտյան հրապարակած տվյալների համաձայն` մինչ օրս ՀՀ-ում կատարված ընդհանուր թեստերի թիվը 77 686 է: Այս թիվը 30 դորալով հաշվարկելու դեպքում ստացվում է, որ մինչ օրս ՀՀ-ում միայն թեստավորման վրա արդեն 2 330 580 դոլար գումար է ծախսվել պետական բյուջեից:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 612–ով և դարձել 15 281