Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու մոտ մեկ պարկ է եղել. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է պարզել ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik.Հայաստանի սահմանը հատած 26–ամյա ադրբեջանցին բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։

«Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցին հայտնվել է Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Համայնքի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը մեզ հայտնել էր, որ երիտասարդի մայրն ուկրաինացի է, հայրը` ադրբեջանցի։ Մայրը գնացել է իր երկիր, հայրը երեխային հանձնել է մանկատուն, հետո հայրը մահացել է։ Մանկատանը 16 տարի ապրելուց հետո նրան ասել են` գնա, գլուխդ պահիր։ Գնացել է, այստեղ–այնտեղ չոբանություն է արել, ապրել է։ Երեկ իր ֆերմերի հետ վիճել է, հատել է սահմանը և հասել Արեգունի։

Ըստ տեղեկությունների` Հայաստանի սահմանը հատած երիտասարդը Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիևն է։

Հիշեցնենք` նմանատիպ դեպք էր եղել նաև 2019 թվականի մարտի 16-ին։ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը ՀՀ սահմանը հատել էր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում։ Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է։