ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik.Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ի հատուկ նիստում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով, իր խոսքով, իրական մի պատմություն:
«Մի կին, բավականին լավ տեսքով, նստում է տաքսի ու իբր զանգում է ինչ-որ տեղ և ասում է`այսինչն է վարչապետի աշխատակազմից, այն ժամանցույցը, որ վարչապետը պատվիրել էր, եկե՞լ է: Վա՜յ, ինչ լավ է: Իսկ ինչքա՞ն պիտի տանք: Երեսունհինգ հազա՞ր: Դոլա՞ր, թե՞ եվրո: Հա, լավ, օկ, հեսա մարդ կուղարկենք, կվերցնի: Ընդ որում, տաքսու վարորդը, որն այս պատմությունը պատմել է, ուշադրություն է դարձրել, թե ուր է գնում այդ կինը և ֆիքսել է, որ նստում է մեկ այլ տաքսի: Պարզ է, չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց, որ նման գործողությունները պետք է բացահայտվեն և ՀՀ օրենսդրությանը համապատասխան որակում ստանան:
Միաժամանակ, Փաշինյանը չբացառեց, որ այս գործողությունները կարող են կազմակերպված լինել ինչպես ներհայաստանյան, այնպես էլ արտաքին ուժերի կողմից:
«Իսկ որ հիբրիդային պատերազմներ կան այս ամենի մեջ, դա արդեն ակնհայտ է»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաև, որ արդեն իսկ հանձնարարական է տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները, պարզելու համար՝ արդյոք այստեղ կապ ունե՞ն օտարերկրյա հատուկ ծառայությունները, նրանց հետ կապ ունեցող շրջանակները և ուժերը, քաղաքական կամ կրիմինալ շրջաակները, որոնք իրենց նեղ շահերից ելնելով` կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար:
Շահնազարյան. «Փաշինյանը սորոսական օտարերկրյա կազմակերպություններին մտցնում է Արցախ»