Մաքսային սահմանը պետք է գտնվի մինչև այդ տարածք մտնելը. փոխվարչապետը` «Մեղրի» ԱԱԳ–ի մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է «Մեղրի» ազատ առևտրի գոտու գործունեությանն առնչվող քայլերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ «Մեղրի» ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) գործարկման համար կարգավորումներ են մտցվում Հայաստանի համար կարևոր ուղղությամբ։

««Մեղրի» ազատ տնտեսական գոտին մեզ համար պետք է նշանակի, որ մաքսային ու հարկային սահմանը պետք է գտնվի մինչև այդ տարածք մտնելը։ Արժութային կարգավորման մեր օրենսդրության տարածումը ոչ թե պետական, այլ այդ սահմանին պետք է դադարի»,–ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանը հայտնեց, որ սա Հայաստանի համար թիվ մեկ կոնցեպտն է։ Այսինքն, ըստ Գրիգորյանի, մինչև պետական սահման հասնելը «Մեղրի» ազատ տնտեսական գոտին պետք է լինի մի գիծ, որն անցնելուց հետո ապրանքը կհամարվի արտահանված։ Նրա խոսքով` ԵԱՏՄ կանոնագրքի կարգավորումները Հայաստանին նման իրավունք են տալիս, որը և պետք է օգտագործել։

Փաշինյանին զայրացրին աղբամաններն ու «Մեղրի» մաքսակետի վիճակը

Գրիգորյանն ասաց նաև, որ այս բանաձևի վերաբերյալ արդեն իսկ ԱԱԾ–ի հետ երկար քննարկում են ունեցել և հիմա սրա վերաբերյալ են կարգավորումներ իրականացնում։

Փաշինյանը «Մեղրի» մաքսակետի արդիականացումը քննարկել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Հիշեցնենք, որ կառավարության 2017թ-ի որոշմամբ` «Մեղրի» ազատ տնտեսական գոտու համար նախատեսվել է 70 հեկտար տարածք, ծրագրվել է մինչև 2027թ-ը բացել 1500 աշխատատեղ և ապահովել 300 միլիոն դոլարի ներդրում։ Ընդ որում` նախագծի առաջին փուլի մեկնարկը նախատեսված էր 2018թ-ին, որը պիտի ավարտվեր 2020թ-ին։

«Մեղրի» ազատ առևտրի գոտու գործարկումը քիչ հավանական է․ խոշորացված համայնքի ղեկավար