ՃԵԿ օրինախախտներին կհետևեն հեռախոսով. վարչապետը կոչ արեց ներառել նաև դիմակ չկրողներին

Փողոցում ավտոմեքենայի թույլ տված խախտումն արձանագրելու համար կգործի հատուկ բջջային հավելված: ՀՀ ոստիկանությունը հստակեցրել է, թե ինչպիսին պետք է լինի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող նոր հավելվածը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Բջջային հավելվածով արձանագրվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն իրավական ուժ կստանան 2021 թվականի հունվարի 1-ից: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել

Նրա խոսքով՝ նախագծի նպատակը ՀՀ քաղաքացիներին հատուկ բջջային հավելվածի միջոցով ՃԵԿ խախտումներն արձանագրելու հնարավորություն տալն է:

«Բջջային հավելվածը ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար է»,- նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ մեկ օգտատերը նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել առավելագույնը 3, տարեկան՝ մինչև 30 էլեկտրոնային հաղորդում:

Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

«Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է արձանագրել առավել հաճախ հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում, այդ թվում՝  հանդիպակաց երթևեկության դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասպորտային միջոցից աղբ նետելը և այլն»,- պարզաբանեց ոստիկանապետը:

ՀՀ վարչապետն էլ առաջարկեց խախտումների շարքում ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջի խախտման դեպքերը:

«Իհարկե, այս նախագծի մշակումը շուտ է սկսվել, բայց ես կարծում եմ, մենք մի բան բաց ենք թողել՝ մեքենայի մեջ մեկ անձից ավելի մարդ գտնվելու պարագայում դիմակ չկրելը: Ամենահրատապ հարցերից մեկն է, պետք է դա էլ ավելացնել»,- հավելեց Փաշինյանը:

Ո՞ւմ է հետևելու ոստիկանության ծածուկ ծառայությունը. պարզաբանում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ մարդու անձնական տվյալների պաշտպանության տեսակետից ավտոմեքենայի մեջ կատարվող գործընթացներն արձանագրելը նախագծով արգելվել է:

Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց ներկայացված տեսքով, բայց արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ դիտարկել դիմակ չկրելու խախտումն արձանագրելու իրավական հիմքերը և հնարավորության դեպքում ընդգրկել որոշման մեջ:

Տուգանքների քանակն ավելանում է, բայց երթևեկության արդյունավետության արդյունքը զրո է. Քեյան

Նշենք, որ նոր ստեղծվող բջջային հավելվածը հանդիսանալու է պետության սեփականությունը, բայց այն մշակելու համար մրցույթ կհայտարարվի: Հավելվածի շահագործման ու խախտումների արձանագրման գործում կներգրավվեն մասնավոր ընկերություններ: Համակարգի սերվերը (իր պահոցով) գործարկելու և կառավարելու ծախսը, ոստիկանության հաշվարկով, կկազմի շուրջ 40 մլն դրամ: Ամեն տարի ևս 135 մլն դրամ էլ կծախսվի համակարգի շահագործումը ստանձնած մասնավոր ընկերությունների ու դրանց խախտումների արձանագրման կենտրոններին վճարելու համար:

Այս գումարը, սակայն, ոստիկանության հաշվարկով, այնքան էլ մեծ չէ և կկազմի խախտումներ արած վարորդներից գանձվող ընդհանուր գումարի ընդամենը 30%-ը, քանի որ նոր համակարգի արդյունքում, ըստ ոստիկանության, պետական բյուջեի եկամուտները կաճեն 450 մլն դրամով:

Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները