ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 18-ը մահացել են վերջին մեկ օրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 566–ով և դարձել 14669։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։
«Գուցե ներողություն խնդրեմ, որ ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել»․ Թորոսյան
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։
Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից