Տնտեսագետ Հայկ Բեջանյանի դիտարկմամբ` պետբյուջեն, բնականաբար, ուղիղ առնչություն ունի երկրում տիրող տնտեսական իրավիճակի վրա՝ նախևառաջ եկամտային մասով, որովհետև եկամուտները գեներացվում են ՀՆԱ–ի ցուցանիշից։ Ըստ այդմ` եթե տարեսկզբին, երբ կար հաստատված պետբյուջեի նախագիծ, որտեղ նախանշվում էր 5 տոկոսանոց տնտեսական աճ, ապա համավարակով պայմանավորված ներկա իրավիճակում կառավարությունը ստիպված եղավ փոփոխել նախագիծն ու դրա հիմքում դրվեց տնտեսական անկման սցենար շուրջ 2 տոկոսի չափով։
«Փորձագիտական գնահատականներն ու իմ վերլուծությունները փոքր–ինչ ավելի վատ արդյունքներ են կանխատեսում։ Խոսք է գնում մասնավորապես մինչև 5 տոկոս տնտեսական անկման մասին, ինչն ուղղակի ազդեցություն կունենա պետբյուջեի եկամուտների վրա։ Եթե տարեսկզբին կանվատեսվում էին բավականին բարձր եկամտային ցուցանիշներ, ապա արդեն այս պահին, կապված ՀՆԱ–ի նվազման հետ, պետբյուջեի եկամտային մասը 2020թ–ի համար կանխատեսվում է շուրջ 1,4 տրլիոն դրամի շրջակայքում, ինչը բավականին ցածր է նախորդ տարվա ցուցանիշից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Բեջանյանի կարծիքով` սա կհանգեցնի պետբյուջեի կատարողականի հետ կապված լուրջ խնդիրների, քանի որ պետությունը նախընտրեց չկրճատել բյուջեի ծախսային մասը և պահպանել նախկին նախագծով սահմանված 1տրիլիոն 850մլրդ դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ այս տարվա արդյունքներով՝ կունենանք ավելի քան 350 միլիարդ դրամի դեֆիցիտ, կառավարությունը ստիպված կլինի այն լրացնել պետական պարտքի ներգրավմամբ, և անգամ նախանշված եկամտային մասը կազմվել է 2 տոկոս տնտեսական անկման սցենարի հիման վրա։
Օրենքում կատարված փոփոխություններն արդյունք են տվել. հարկային եկամուտներն ավելացել են
Տնտեսագետը կարևորում է հատկապես կապիտալ ծախսերի կատարողականը, որը ցածր էր նաև նախորդ տարվա ցուցանիշներով, մինչդեռ 2020թ–ի բյուջեով նախատեսվում էր շուրջ 230 միլիարդ դրամի կապիտալ ծախսերի իրականացում, սակայն առկա իրավիճակում այդ ծախսերն օբյեկտիվ պատճառով զգալիորեն թերակատարվել են։
Անշարժ գույքի երկրորդական շուկայի անկումը պայմանավորված չէ կորոնավիրուսով. Ապրիյան
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին ԱԺ-ն 101 կողմ, 17 դեմ ձայնով Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին` կառավարության առաջարկած նախագիծը:
Դրանով, հիշեցնենք, ֆինանսների նախարարությունն առաջարկել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաշվարկով` 2020 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական 4.9 տոկոս աճը փոխել 2 տոկոսանոց անկմամբ: