Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Չկա գիտական ոչ մի ապացույց, որ օդի բարձր ջերմաստիճանն ազդում է կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի վրա։ Ավելին, կան երկրներ, որտեղ օդի ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն վարակը կա ու կա։
Այսպես են կարծում մասնագետները Հայաստանում ու Վրաստանում։
Վրաստանը կրկին Հայաստանին օգնություն է առաջարկել COVID-19–ի դեմ պայքարում
Դեռ մի քանի ամիս առաջ, երբ Covid-19-ը սկսեց տարածվել աշխարհով մեկ, որոշ մասնագետներ ենթադրեցին, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը կազդի վարակի փոխանցման տեմպերի վրա։ Մասնավորապես, ԶԼՄ-ները գրում էին, թե 26-27 աստիճան տաքության դեպքում տարածման դինամիկան կնվազի։ Շատերն անհամբեր սպասում էին ամառվան` կարծելով, որ եղանակը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում։ Սակայն իրականում ամեն ինչ մի փոքր այլ կերպ ստացվեց։
Ավելի ուշ ամերիկացի գիտնականներն ասել էին, որ, այո, տաք եղանակին մարդիկ ավելի քիչ են հիվանդանում, քան սառը եղանակին։ Սակայն հակահամաճարակային նորմերը (սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում, բժշկական դիմակների կրում) չպահպանելու դեպքում վարակը շարունակվում է տարածվել նաև շոգին։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ռուս գործընկեր Միխայիլ Մուրաշկոյի հետ զրույցում նշել է, որ ամառը չի փրկել դրությունը Հայաստանում։
Ի՞նչ կարծքի են Հայաստանում
Վիրուսաբան, ԳԱԱ Մոլեկուլյար բիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ չկա ոչ մի գիտական ապացույց, փաստ, որ 27 և ավելի ջերմաստիճանի դեպքում վարակ չի լինի։
«Կան տաք կլիմայական գոտում գտնվող երկրներ, որտեղ ավելի տաք է, քան Հայաստանում, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, որտեղ օդի ջերմաստիճանը 27-ից բարձր է, Հնդկաստանը, սակայն այդ երկրներում վարակվածների թիվն աճում է», - ասաց Զաքարյանը։
Worldometers կայքի տվյալներով՝ մինչ այսօր Սաուդյան Արաբիայում Covid-19-ի 108 571 դեպք է բացահայտվել, Հնդկաստանում՝ 276 583։ Այդ երկրները հակավարկանիշի 16 և 6 տեղերում են։
Վարակաբանը պարզաբանեց, որ ենթադրություն արվել է ելնելով այն փաստից, որ կորոնավիրուսը, ինչպես սուր շնչառական վարակը կամ սեզոնային գրիպը, օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում։ Հայտնի է, որ ամռանը գրիպի ավելի քիչ դեպք է գրանցվում, քան տարվա մյուս եղանակներին։
«Եղանակը տաքանում է, սակայն հիմա դժվար է ասել՝ արդյո՞ք դա ազդում է կորոնավիրուսի տարածման վրա։ Հնարավոր է՝ ազդում է, հնարավոր է՝ ոչ։ Սրանք պարզապես ենթադրություններ են։ Հասկանալու համար ժամանակ է հարկավոր, և հարկավոր է ուսումնասիրություններ անցկացնել», - ասաց Զաքարյանը։
Զաքարյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը կարող են նվազել, եթե երկրում բացարձակապես բոլորը պահպանեն հակահամաճարակային նորմերը, իրավապահ մարմիններն էլ ապահովեն դրանց պահպանումը։
Նա Իտալիայի օրինակը բերեց և ասաց, որ այդ երկրում կորոնավիրուսի աճի տեմպերն ընկել են հենց կարանտինային խիստ կանոնները պահպանելու շնորհիվ։
Զաքարյանն ընդգծեց, որ ապացուցված չի նաև Covid-19-ի երկրորդ ու երրորդ ալիքի առկայությունը։ Սա նույնպես ենթադրությունների մակարդակով է։ Նա նշեց, որ կլինեն նաև նոր բռնկումներ ու ամեն երկրում յուրովի կանցնեն կախված այն բանից, թե քանի մարդ է ժամանակին տարել հիվանդությունը։ Մի բան է երկրորդ ալիքը մի երկրում, որտեղ բնակչության 2%-ն է հիվանդությունը տարել, այլ բան է մի երկրում, որտեղ 80%-ը վարակված է եղել կորոնավիրուսով։
Եթե սկզբում վարակվածների թիվը փոքր է եղել, դա չի նշանակում, որ դրանց թիվը չի ավելանա, ու երկրում համաճարակի նոր բռնկում չի լինի։
«Շատերը Վրաստանի օրինակն են բերում։ Նշեմ, որ Վրաստանը օվկիանոսի մեջ կղզի չէ։ Չի բացառվում, որ իրենց մոտ կարող է համաճարակի բռնկում տեղի ունենալ։ Վաղ թե ուշ նրանք էլ այդ խնդրին կբախվեն, սակայն հնարավոր է՝ ավելի թեթև տարբերակով, հնարավոր է նաև՝ ավելի ծանր», - ասաց վարակաբանը։
Ի՞նչ են կարծում Վրաստանում
Վրստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն կարծում է, որ ամառն այսպես թե այնպես ազդում է վարակի տարածման տեմպերի վրա։ Դա պայմանավորված է այն փաստով, որ բաց լուսամուտների շնորհիվ տարածքներն անընդհատ օդափոխվում են։
Սակայն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Իմնաձեն նշեց, որ չարժի հույսը դրա վրա դնել։ Անհրաժեշտ է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոններն ու նորմերը։
Ինչ վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի տարածման բարձր տեմպերին, Իմնաձեի կարծիքով, այն կարող է դանդաղել, եթե երկերի բնակչության մեծ մասը հետևի բոլոր հորդորներին։
«Վստահ եմ՝ իմ գործընկերներ պարոն Վանյանը («Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյան) ու Դավիդյանցը («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանց), որոնք նաև իմ մտերիմ ընկերներն են, Covid-19-ի դեմ պայքարի նույն խորհուրդներն են տվել, ինչը որ մենք այստեղ», - ասաց Իմնաձեն։
Նա նշեց, որ միգուցե վարակի հետ կապած իրադարձությունները տարբեր կերպ են զարգացել այն պատճառով, որ Վրաստանում ավելի խիստ միջոցներ են կիրառվել։
Իմնաձեի խոսքով՝ երկիրը պատրաստվում է Covid-19-ի երկրորդ ալիքին։ Նա ընդգծեց, որ մահճակալներ, արհեստական շնչառության սարքեր, ծանր հիվանդների համար տեղեր են պատրաստում։
«Մենք պետք է պատրաստվենք վատագույն սցենարին, որ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակին պատրաստ լինենք», - ասաց Իմնաձեն։
Նա նշեց, որ Հայաստանի ու Վրաստանի կենտրոնները վերջին տարիներին սերտ համագործակցում են։ Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել։ Նա հույս ունի, որ համավարակից հետո, երբ իրավիճակը կայունանա, արդյունավետ համագործակցությունը նորից կվերականգնվի։
Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 103 մարդ կա։ Վրաստանում այդ թիվը հասել է 822-ի։
Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 7 340 860 մարդ, 3 619 344–ը առողջացել են, 414 106-ը՝ մահացել։