ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել երեկ` հունիսի 9-ին, ժամը 23:10-ի սահմանում։
Նշված վայր են մեկնել Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին և թունելում հայտնաբերել 3 քաղաքացու դիակները: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից:
Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը
Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները պատգարակով մոտ 2 կմ ոտքով մահացածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային;
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: