ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Տավուշի մարզում այս պահին կա 133 վարակակիր, 26 հոգի գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը շուրջ 600 է: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Վարակի տարածման խոշոր օջախներից մարզպետը նշեց «Տավուշ տեքստիլ» ընկերությունը:
«Ընկերությունում իրականացվել է մասսայական թեստավորում: Վարակվածներն իզոլացվել են: Դրանից հետո էական փոփոխություն «Տավուշ տեքստիլում» չունենք, գործարանն այժմ աշխատում է բնականոն հունով»,- ասաց մարզպետը:
Չոբանյանը նաև հայտնեց, որ լուրերը, թե վարակը տարածվել է բժշկական դիմակների արտադրամասում, իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով` վարակվածները բացառապես ձեռնոցների արտադրամասի աշխատակիցներն են եղել: Մարզպետի խոսքով` անգամ համավարակի պայմաններում Տավուշի մարզում տուրիստական հոսքերը շարունակվում են: Հատկապես մեծ է ներքին տուրիզմի շարժը հանգստյան օրերին:
«Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում, երբ մենք ապրում ենք համավարակի հետ, շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու իմունիտետը, առողջությունը, նույնիսկ ինչ-որ տեղ՝ բնության գրկում հանգստանալը, կազդուրվելը: Դրա համար մենք հատուկ կանխարգելիչ կամ խոչընդոտող միջոցառումներ չենք իրականացնում, որ մեր համաքաղաքացիները, հատկապես՝ մայրաքաղաք Երևանից, հնարավորություն ունենան ոչ աշխատանքային օրերին գալ հանգստանալ բնության գրկում»,- ասաց Չոբանյանը:
Պապիկյանի երկու տեղակալները վարակվել են կորոնավիրուսով
Հիշեցնենք, մայիսի 26-ին «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի որոշ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Փակվել էր 2 արտադրամաս, որոնց 150 աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամներն ինքնամեկուսացել էին: