Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց

Մանվել Գրիգորյանի պաշտպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը վերակենդանացման բաժանմունքում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, նա վերակենդանացման բաժանմունքում է` բժիշկների հսկողության ներքո»,–ասաց Բաղդասարյանը։

Համայնքապետներն ուզում են Մանվել Գրիգորյանից հետ ստանալ իրենց հողերը. 40 գործարք է եղել

Նա նաև տեղեկացրեց, որ Գրիգորյանի մոտ զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Լևոն Բաղդասարյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով նրա առողջական վիճակից, որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն էր գնացել։

Օրերս Գրիգորյանի պաշտպանները դատական հայց են ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։ Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է։

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։