Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա կորցրել է գիտակցությունը

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտնեց, որ այս պահին շտապօգնության երկու բրիգադ է աշխատում տեղում` օգնելով պաշտպանյալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Այսօր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Քիչ առաջ ինձ հայտնեցին, որ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է` նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը»,–ասաց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

Նրա խոսքով` այս պահին շտապօգնության երկու բրիգադ է աշխատում տեղում, որից մեկը հենց սրտի հետ կապված։ Բաղդասարյանը հայտնեց` Գրիգորյանն այս պահին կաթիլային է ստանում։

Պաշտպանի խոսքով` վաղը հանդես կգան հայտարարությամբ, իսկ հիմա կարող է ասել մեկ բան` այս ամենն առողջապահության նախարարի անգործության հետևանքն է։

Հիշեցնենք, որ օրերս Գրիգորյանի պաշտպանները դատական հայց են ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։ Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է։

Համայնքապետներն ուզում են Մանվել Գրիգորյանից հետ ստանալ իրենց հողերը. 40 գործարք է եղել

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով նրա առողջական վիճակից, որոշեց խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: