ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Այժմ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են մշակվում Բարձրագույն դատական խորհրդի հետ, որպեսզի վեթինգի գործընթացը հնարավոր լինի կազմակերպել։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում`մեկնաբանելով իր հասցեին ուղղված այն քննադատությունները, թե ինքը մի շարք պատճառաբանություններ է բերում, ըստ որոնց` հնարավոր չէ վեթինգ իրականացնել։
«2019-ի հունիսից այս կողմ, ինչ նշանակվել եմ նախարար, մի շարք քայլեր են իրականացվել, դատական օրենսգրքում փոփոխություններ են եղել, որն ամենաարագ ճանապարհն է ինչ–որ գործողություն սկսելու համար։ Եթե դատական օրենսգրքում փոփոխություններ չլինեին, մենք հիմա կունենայինք ոչինչ, այսինքն` որևէ գործիք չէր լինի օրենսդրությամբ, որ կարողանայինք վեթինգ իրականացնել»,– ասաց նա։
Նախարարի խոսքով` այժմ ունենք սահմանադրական բարեփոխումների գործընթաց ու դատական օրենսգրքում կատարված փոփոխություններ։ Իսկ ինչ վերաբերում է վեթինգի ծավալներին, ապա ըստ Բադասյանի՝ դատաիրավական ռազմավարությամբ, որը նախորդ տարվա հոկտեմբերին է հաստատվել, նշված է, որ նախ, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։
Նա վստահեցրեց` իրենից կախված բոլոր անհրաժեշտ գործողություններն արել է։
Ղազարյան. «ՍԴ ճգնաժամի լուծումը բացառվում է առանց հանրաքվեի»
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Բադասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Facebook-յան ուղիղ եթերի քննարկման ժամանակ հայտնել էր, որ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ իրականացնել՝ առանց Սահմանադրությունը փոխելու։
Սակայն մինչ այդ` մարտի 17-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:
«Վեթինգի» մասին օրենքը դատական իշխանությունը որակական նոր հիմքերի վրա չի դնելու. Խաչիկյան