Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները քանդել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «Քեթրին գրուպ» և «Լեվո գրուպ» ընկերությունների կառուցած ապօրինի քարե պատը և մետաղական շվաքարանը:
Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից իրականացված պատշաճ վարչարարության շնորհիվ ընդունված՝ Երևանի քաղաքապետի քանդման համապատասխան որոշումների հիման վրա:
Այս տարվա ապրիլի 20-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտնել էր, որ «Քեթրին գրուպ» և «Լեվո գրուպ» ՍՊ ընկերությունները Երևանի բուսաբանական այգու տարածքում առևտրային գործունեություն են ծավալել։
Ըստ ՊՎԾ–ի` նշված ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործել են մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով։ Այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։
Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպը» պատկանում է հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին։
ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը 2019թ–ի ապրիլի 15–ին ՀՔԾ–ում քննվող օֆշորի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք առաջադրվեց հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրան կալանավորելու որոշում կայացվեց ու հետախուզում հայտարարվեց։
Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ