Ոչ մի վանդալիզմ էլ չի եղել. վիրահայոց թեմի հոգևորականը վստահեցնում է` ամեն ինչ կարգին է

Որքան կարժենա հայկական վանքի վերականգնումը, առայժմ հայտնի չէ։ Աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik․  Վիրահայոց թեմի Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու պղծման և վանդալիզմի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են

Ավելի վաղ Վրաստանի հոգևոր ժառանգության պահպանման ազգային գործակալությունը հայտնել էր, որ անհայտ անձիք վնասել են Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Գոմանի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքն ու վանքի բակում գտնվող գերեզմանները։ Գործակալության վերահսկողության ծառայության տեսչական խմբի աշխատակիցները բազմաթիվ վնասված տեղեր են հայտնաբերել։

Հաղորդում էին, որ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատների ՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ Վնասված են գերեզմանները, ամենուր մարդկային մնացորդներ են ցրված։ Վնասված են նաև պարիսպն ու վանքի շեմը։ Գործակալության դիմումի հիման վրա Սամցխե-Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով:

«Ոչ մի վանդալիզմ չի եղել, գերեզմանները ևս քանդված չեն։ Մենք դա ժխտում ենք»,-ասաց Ամիրյանը։

19-րդ դարի վանքը փլուզման եզրին է։ Ամիրյանը նշեց, որ գյուղի բնակիչները վանքը վերականգնելու խնդրանքով դիմել են առաջնորդարան, ինչպես նաև քաղաքապետարան:

Այդ նպատակով Ախալցխայից երկրաբան է հրավիրվել։ Մասնագետը երեք տեղում փորել է հողը, որպեսզի եզրակացություն տա հիմքի վիճակի և վանքի վերակագնման աշխատանքների ծավալի մասին։ Ամիրյանը պարզաբանեց, որ Վրաստանի համապատասխան մարմիններն այդ աշխատանքները սկսելու թույլտվություն են տրամադրել։

Ստամբուլի հայկական եկեղեցին վառելու փորձի հարցը Թուրքիայի խորհրդարան է հասել

«Երկրաբանը կատարել է իր աշխատանքը և եզրակացությունն ուղարկել է մեզ»,-ասաց վարդապետը։

Նա նշեց, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել, սակայն առաջնորդարանը ներկայացրել է իրավիճակը և իրավապահ մարմիններին տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։ Նրանք հույս ունեն, որ հարցն այդքանով կփակվի։

«Մենք հայտնեցինք նրանց, որ դա իրականացվել է մեր իմացությամբ և ոչ մի վանդալիզմ չի եղել»,-ասաց Ամիրյանը։

Վարդապետն իրավապահ մարմինների գործողություններում որևէ ենթատեքստ չի տեսնում։ Նա կարծում է, որ քրեական գործը հարուցվել է շտապողականության հետևանքով, ոչ ավելին։

Անվճար լույս «Կենաց ծառից». վանդալները փչացրել են հայկական քաղաքի նորարարությունը

Ամիրյանը նշեց, որ եկեղեցին վերականգնման կարիք ունի, և դա բավական մեծ աշխատանք է լինելու, որը պետք է իրականացվի փուլ առ փուլ։ Այդ պատճառով բարդ է ասել, թե որքան կարժենա վանքի վերականգնումը։ Հայտնի է, որ ծախսերը հոգալու են գյուղացիները։

Ներկայում առաջնորդարանը հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նախարարությանը փոխանցելու համար։

Մշակութային վանդալիզմ. թուրք երգչուհին երգում է Անիի Մայր տաճարում. տեսանյութ