ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Շաքարավազի շուկայում գնի նվազում կա, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ոչ համաչափ է համարում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Շաքարավազի շուկայում գնի նվազման հարցն ուսումնասիրում ենք, վարույթ է հարուցվել։ Բացի այդ, մի շարք ապրանքային շուկաներում վարույթներ են հարուցվել` ձեթի, հավի բդի։ Կարագի շուկայում նույնպես վարույթ է հարուցվել, որը, սակայն, գնի բարձրացման հետ կապ չունի»,–ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` այս պահին հարուցված վարույթներից 4 գործ արդեն իսկ ավարտել են, և առաջիկայում մի շարք այլ գործերի վարույթներ նույնպես կամփոփվեն։
Հարցին, թե արդյո՞ք ուսումնասիրում են թեստերի շուկան, քանի որ լուրեր են շրջանառվում, որ մասնավոր ԲԿ–ներում նույնպես թեստավորումներ են իրականացվում` Գևորգյանը պատասխանեց, որ թեստերի շուկայում ուսումնասիրություն չեն իրականացնում։
ՏՄՊՊՀ նախագահը նշեց` միայն պետությունն է իրականացնում թեստավորում, և որևէ ահազանգ չունեն այդ առումով։
Հիշեցնենք, որ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել էր` դեռ նախորդ տարվա դեկտեմբերին շուկայում 189 դրամով շաքար է վաճառվել, ինչն ինքնարժեքից ցածր վաճառվող ապրանք էր, և կար դեմպինգի հետևանք։ Նույն երևույթը նաև ձվի շուկայում կար։
Հանձնաժողովի դիտարկումներով՝ 2020թ–ի փետրվարին շաքարավազի 1 կգ-ը Հայաստանի մանրածախ շուկայում վաճառվել է 230 դրամով, այնինչ 2018թ–ի փետրվար–մարտին շաքարավազի գինը հասել էր մինչև 380 դրամի։
Միայն իմբիրն ու դիմակն են թանկացրել. Հայաստանում գները նվազել են, դեֆիցիտ չկա