ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշման վերանայման հայցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Հարցին, թե ի՞նչն է առիթ դարձել նման որոշման, արդյո՞ք Քոչարյանի առողջական վիճակում փոփոխություն կա` Նավիկյանը նշեց, որ այլ մանրամասներ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցը, որի համաձայն` մինչև կորոնավիրուսի ավարտը Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Վերջին դատական նիստին՝ մայիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հետևաբար չի կարող մասնակցել նիստին։
2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ
Երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են՝ 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1-ին հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին, հետևաբար այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։