Կորոնավիրուսի հետևանքով կորցրածը էկոնոմիկայի նախարարը հույս ունի հետ բերել 2021թ-ին

Տիգրան Խաչատրյանի համոզմամբ` 2021 թվականը Հայաստանի համար լինելու է կորցվածը վերականգնելու տարի: Իսկ 2020-ը ինչպես համաշխարահին տնտեսության, այնպես էլ Հայաստանի համար անկման տարի է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսության այս տարի կրած կորուստները ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հույս ունի վերականգնել  2021 թվականին: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում:

Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից. նախարարը հայտնել է, թե ինչ է լինելու ատոմակայանում

«Գնահատականները տարբեր են, տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5 տոկոս անկում կարձանագրվի՝ և՛ զարգացած, և՛ զարգացող տնտեսություններում: Եվ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները կվերակագնվեն նույն չափով: Այսինքն՝ գնահատականները նորից 5 տոկոսի սահմաններում աճի հնարավորությանն են վերաբերվում»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանը ևս դուրս չէ միջազգային այս կանխատեսումների տիրույթից: Նախարարի խոսքով` Հայաստանը փորձելու է արագ կողմնորոշվել, արագ գործել վերականգնման ժամանակահատվածում, ինչի շնորհիվ 2021 թվականը Հայաստանի համար լինելու է կորցվածը վերականգնելու տարի:

«Մենք չենք կարող և չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը: Նոր աշխարհում նոր իրականության մեջ մենք պետք է դիրքավորվենք այնպես և աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք մրցունակ են, պահանջված են  և երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություններ»,-ասաց Խաչատրյանը:

Անշարժ գույքի երկրորդական շուկայի անկումը պայմանավորված չէ կորոնավիրուսով. Ապրիյան

Իսկ 2020-ի համար, Էկոնոմիկայի նախարարի խոսքով, ինչպես համաշխարահին տնտեսության, այնպես էլ Հայաստանի համար անկման տարի է: