ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ հայկական կողմը որոշել է հրաժարվել ռուսական վարկից ու կիսատ մնացած աշխատանքներն ավարտել սեփական միջոցներով:
«Բավականին աշխատանք այս փուլում կատարված է: Այնուամենայնիվ, տարբեր ընթացակարգային խնդիրների, ներմուծման, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մենք կրկին ժառանգել ենք ժամկետների մեջ արդեն իսկ ուշացած ծրագիր: Վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվում էր վարկի ժամկետների երկարաձգման ու նաև որոշակի արտոնյալ ժամկետ տրամադրելու հարցը, որը տեղի չունեցավ, և այս փուլում մենք հրաժարվել ենք այդ վարկից»,-ասաց նախարարը:
Պապիկյանը նաև հայտնեց, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցների հաշվին:
ՀԱԷԿ-ի վերագործարկմանը վերաբերող «Ռոսատոմի» հետ կնքված պայմանագրերը, Պապիկյանի խոսքով, կմնան ուժի մեջ, բայց կիրականացվեն արդեն հայկական ֆինանսական միջոցների հաշվին:
Կհայտարարվեն գնումների ու աշխատանքների նոր մրցույթներ, որոնց Պապիկյանի խոսքով, կկարողանան ներգրավվել նաև հայաստանյան ընկերություններ:
«Ընկերությւնները, աշխատողները, փորձագետները, որոնք առկա են ՀՀ-ոմ, կարող են ներգրավվել պրոցեսին: Սա շատ կարևոր հանգամանք է մեզ համար ո՛չ միայն տնտեսական ճգնաժամով պայմանավորված, այլև առհասարակ»,- ասաց նախարարը:
Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Հաշվի առնելով, որ նորոգման աշխատանքները նախատեսվածից երկար տևեցին (չավարտվեցին 2019թ․-ի վերջին, այլ կավարտվեն 2021-ին)՝ ՀՀ կառավարությունը դիմել էր Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը՝ վարկային վճարումները մեկ տարով հետաձգելու խնդրանքով։ Հարցը քննարկվում է երկու երկրների կառավարությունների միջև։