Տեսչության պետն անձամբ է շրջել Մարտունու շուկայում. ինչ խախտումներ է հայտնաբերել

Շուկայում չի պահպանվել սոցիալական հեռավորություն, չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկումները հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում։

Տեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թեպետ շուկայում հիմնականում բոլորը դիմակ են կրել, սակայն արձանագրվել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:

Մասնավորապես, չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր,  չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի կատարվել, բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները:

ԱԻՆ-ի բժիշկների և հոգեբանների հետ կարելի է կապվել նաև տեսակապով. նախարար

Գրանցված խախտումների հիման վրա կազմված արձանագրությունը կներկայացվի պարետին հետագա որոշումը կայացնելու համար։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Կանայք, թե տղամարդիկ են ավելի շատ մահանում կորոնավիրուսից. Փաշինյանը թվեր է ներկայացրել