Սպանություն մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ. զոհը 38 տարեկան է

Նախնական տեղեկություններով՝ սպանվողն ու սպանություն կատարողը միևնույն փողոցի բնակիչներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ համայնքում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում։ ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38- ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Կորոնավիրուսից մահացածների մեծ մասը տղամարդիկ են, ամենաերիտասարդը՝ 49 տարեկան

Shamshyan.com-ի տեղեկություններով` իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը. նա Տարոնցի փողոցի բնակիչ 38-ամյա Թելման Կարապետյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Քննիչները դեպքի վայրի զննության ժամանակ սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:

Մինչ իրավապահները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը։ Նա ինքնախոստովանություն է արել՝ նշելով, որ սպանությունն ինքն է կատարել «Մակարով» տեսակի ատրճանակով։ Նա ոստիկաններին է հանձնել նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Նախնական տեղեկություններով՝ սպանված Թելման Կարապետյանը, որը թաղում հայտնի է որպես Թելո, ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց։ Այս պահին նախաքննություն է ընթանում՝ սպանության դրդապատճառներն ու այլ մանրամասներ պարզելու համար։

Ողբերգական ավտովթար Երևանում. 40–ամյա վարորդը տեղում մահացել է

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)հատկանիշներով:

Ոստիկանները ստիպված են եղել դեպքի վայրից մի խումբ երիտասարդների բերման ենթարկել, որոնք, անտեսելով ոստիկանների զգուշացումները, ոչ միայն չէին պահպանել սոցիալական հեռավորություն, այլև անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության հանդեպ՝ հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելով։