Ֆրանսիական «Լադանիվա» խումբը վոկալիստ և միակ հայ մասնակից Ժակլին Բաղդասարյանի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Այս անգամ երգը ոչ թե հայկական է, այլ սերբական։
«Ajde Jano». այսպես է կոչվում Ժակլինի և ընկերների ներկայացրած գեղեցիկ սերբական ժողովրդական երգը։
«Մենք մի շատ լավ օր ենք անցկացրել և ուզում ենք փոխանցել այդ ուրախությունն ու սերը այս գեղեցիկ սերբական երգով»,- տեսահոլովակին կից ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է երգչուհին։
Տեսահոլովակն, ինչպես միշտ, պարզ ու հասարակ է, իսկ Ժակլինը գերում է իր գեղեցիկ ժպիտով։
Ավելի վաղ Ժակլինը մոր հետ «Սարի աղջիկ» երգը կատարեց, որից պարզ դարձավ, որ երգչուհու մայրը ևս հրաշալի ձայն ունի։ Այսինքն` տաղանդը գեներով է փոխանցվել։
24-ամյա Ժակլին Բաղդասարյանին մեծ ճանաչում բերեց իր հեղինակած «Վայ աման» երգը։ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհին ֆրանսիացի ընկերոջ հետ ստեղծել է «Լադանիվա» խումբը, որը համախմբել է երաժիշտներ Ֆրանսիայից, Մարոկկոյից, Թունիսից։ Ստեղծագործում են «Musiques du monde» էթնիկ երաժշտության ժանրում։
Ժակլինը ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Ունի ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կատարումներ, բայց իրեն ազատ է զգում, երբ հայերեն է երգում։ Վերջին անգամ Հայաստանում եղել է 5 տարի առաջ։ Հույս ունի, որ առաջիկայում համերգ կունենա նաև հայրենիքում։