ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ոստիկանության նպատակը ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ հասնելն այն բանին, որ յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ ունենա այնքան իրավագիտակցություն, որ հասկանա իր գործողությունների լրջությունը։ Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանն այսպես որակեց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` ոստիկանության գործողությունները։
Նա հիշեցրեց, որ հեղափոխության ընթացքում ինքն ու իր գործընկերները բազմիցս լսել են «ոստիկանը մերն է» արտահայտությունը:
Մինասյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ մարդիկ հիմա հասկանան, որ ոստիկաններն իրենց թշնամին չեն:
«Այժմ դուք լսում եք գրեթե ողջ օրը ծառայող ոստիկանին։ Մենք աշխատում ենք բոլոր փողոցներում և բակերում, հետևում ենք, որ պահպանեն պարետատան ցուցումները։ Բայց մեր հայրենակիցների, այդ թվում երիտասարդների շրջանում կան մարդիկ, որոնք փորձում են չկատարել պարետի ցուցումները և խախտում են հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Նման վերաբերմունքը ոստիկանության հանդեպ արհեստական լարվածություն է ստեղծում»,-ընդգծեց Մինասյանը:
Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան
Նա կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, պաշտպանիչ դիմակը կրել այնպես, որ այն ծածկվի բերանն ու քիթը:
Ոստիկանները խախտումներ հայտնաբերելու ժամանակ իրավասու են կազմել վարչական ակտեր և նույնիսկ ուժ գործադրել կարգուկանոնը պահպանելու համար:
«Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի այնքան գիտակից լինի, որ հասկանա իր գործողությունների լրջությունը»,- ավելացրեց Մինասյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։
Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից