ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հունիսի 5-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտագնա դատական նիստում դատարանը մերժել է Տիգրան Վարդգեսի Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հայցը։
Տիգրան Ավետիսյանը պահանջում է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել, մինչդեռ քրեակատարողական հիմնարկը, որտեղ իր պատիժն է կրում դատապարտյալը, նրան այս ցանկում չի ներկայացրել՝ ցածր միավոր ունենալու պատճառաբանությամբ։ Ավետիսյանն էլ բողոքարկել էր քրեակատարողական հիմնարկի ու պրոբացիոն ծառայության տված զեկույցները՝ գտնելով, որ դրանք անհիմն են ու պահանջել բավարարել իր հայցը։
«Համաձայն վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման` պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում այն անձը, որը գտնվում է ուղղման ճանապարհին, այսինքն` վերջինիս վաքագծի նկատմամբ հետագա հսկողությունը հնարավոր է իրականացնել ազատության մեջ գտնվելու պայմաններում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տիգրան Ավետիսյանի պաշտպան Կարլեն Գրեյանը։
Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանը կմնա անազատության մեջ. որոշում
Փաստաբանը նշեց, որ որպես միջնորդության հիմք ներկայացվել է այն հանգամանքը, որ մոտ 25 տարի ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում Տիգրան Ավետիսյանն ունեցել է ընդամենը 8 տույժ, որոնցից վերջինը եղել է 2016 թվականին, իսկ վերջին 3 տարիների ընթացքում նա ընդհանրապես տույժ չի ունեցել:
«Բացի այդ, Տիգրան Ավետիսյանը սկզբում իր պատիժը կրել է փակ ուղղիչ հիմնարկում, ապա կիսափակ, կիսաբաց, իսկ դա վկայում է անձի դրական պահվածքի մասին։ Տիգրան Ավետիսյանը երբևէ հաշվառումներով չի անցել, ինչը նույնպես դրական վարքագիծ էր, որ դատարանը պետք է հաշվի առներ»,–նշեց փաստաբանը:
Պաշտպանն ասաց, որ սպասում է դատարանի որոշմանը, որի հիմքերին ծանոթանալուց հետո կդիմի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Նա շեշտեց, որ Տիգրան Ավետիսյանը զղջում է կատարվածի համար ու ընդունում մեղադրանքը, բացի այդ, տարիներ առաջ (1995թ.–ին) ինքնակամ է ներկայացել դատարան:
Նշենք, որ Տիգրանը դատապարտված է «Վահան Հովհաննիսյան+30» գործով: Այս գործով բոլոր 30 անձինք վաղուց ազատության մեջ են: Նա միակն է 31 մեղադրյալներից, որոնք այս գործով 1997 թ.-ին դատապարտվել են մահապատժի (2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով` ցմահ ազատազրկում)՝ մեղադրվելով Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ 65–րդ հոդվածի 2-րդ մասով, 65 պրիմ հոդվածով, 232–րդ հոդվածի 1-ին մասով և 209 պրիմ հոդվածով (երկու ոստիկանների սպանություն, ի վնաս պետական անվտանգության գործողությունների կատարում, հանցավոր ահաբեկչական խմբում հավաքագրում, ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում ու կրում):
Ադրբեջանը հերքել չի կարողացել. ՄԻԵԴ-ը վճռեց` հայ սպային գլխատած Սաֆարովին հերոսացրել են
Տիգրանը ծառայել է սովետական բանակում, վերադարձել 1989 թ-ին, իսկ մեկ տարի անց սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով անդամագրվել մահապարտների ջոկատին: Չորս տարի մասնակցել է մարտական գործողություններին։ Եղել է «Արաբո», «Կոռնիձոր», «Արծիվ-28» կամավորական ջոկատներում:
Ձեռնաշղթաների փոխարեն էլեկտրոնային ապարանջան․ ինչ կտա պրոբացիայի ծառայությունը