Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելումուտը կփակվի. բռնկման պատճառը թաղման մասնակցելն է

ՀՀ վարչապետը կրկին հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ հավաքներին մասնակցելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ այսօր պարետի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից կարգելափակվի ելքերն ու մուտքերը:

«Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ` թաղման, երեք–չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,-գրել է վարչապետը:

Փաշինյանը հիշեցրել է, որ նման դեպք գրանցվել է նաև Դդմաշենում, երբ Հրազդանից գնացել են հուղարկավորության մասնակցելու և սգակրի տան անդամներին վարակել, ինչի հետևանքով այդ տան պապը մահացել է, իսկ Դդմաշենում գրանցվել է 100֊ից ավել վարակման դեպք։ Գյուղը փակել են։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում գրանցվել են վարակման դեպքեր։

Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի

Փաշինյանը կրկին հորդորում է հարգել մարդկային կյանքերը և չխախտել հակահամաճարակային կանոնները:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հավելենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364