«Խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը». Թաթոյանն արձագանքել է աղմուկ հանած դեպքին

Արման Թաթոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին առնչվող զարգացումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է` մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից` արձագանքում է հրապարակային, թե ոչ: Թաթոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանն ու դրան հաջորդող զարգացումներին։

«Կարող էին տուժել կինն ու անչափահաս երեխաները»․ ՄԻՊ-ը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

«Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները»,–գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով` քանի որ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ինքն այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չի տեսնում:

«Խիստ դատապարտելի է նորածնին և նրա մորն ուղղված ատելությունը». Թաթոյանի կոշտ արձագանքը

Թաթոյանը գրել է նաև, որ հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը:

Հայտնել էինք, որ Փաշինյանը Facebook-ի իր էջում այսօր լուսանկար էր հրապարակել, որտեղ մի աղջիկ մետրոյով երթևեկում էր առանց դիմակի և ձեռնոցի։ Լուսանկարի մեկնաբանություններում օգտատերերը վիրավորական արտահայտություններ էին գրել աղջկա հասցեին։ Փաշինյանն ավելի ուշ ջնջել էր այդ լուսանկարը և ներողություն է խնդրել բոլոր այն քաղաքացիներից, որոնց հասցեին իր էջում «որևէ թթու խոսք է հնչել»:

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում հասցեին որևէ թթու խոսք է հնչել. Փաշինյան

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել` քաղաքացիներըբ նրան ուղարկում են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խախտում հակահամաճարակային պայմանները։ Փաշինյանն այդ լուսանկարները հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում։