ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։ Ծառուկյանը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր` ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ։
«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,–ասել է Ծառուկյանը։
Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվել։
Ծառուկյանը նշել է, որ ներդրումների համար այդպես էլ համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, գյուղատնտեսությունը չի զարգանում, իսկ ժողովրդին պետությունը 20-25 տոկոսով է վարկեր տվել։
Անդրադառնալով կորոնավիրուսի թեմային` ԲՀԿ ղեկավարը նշել է, որ մարզեր կան, որտեղ թեստեր չկան, ինչն անփորձության հետևանք է։ Նա ասել է նաև, որ ամենաանազնիվ քայլն այն էր, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձեցին գցել ժողովրդի վրա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել. Նա Facebook–ի իր էջում հրապարակում է քաղաքացիներից ստացած լուսանկարները, որոնցում երևում է` ինչպես են մարդիկ խախտում հակահամաճարակային կանոնները։ Լուսանկարների տարածման փաստը քննարկումների և քննադատումների տեղիք է տվել, դրանց առնչությամբ հնչում են տարբեր կարծիքներ։ Ավելին, Փաշինյանն արդեն իսկ որոշ գրառումներ հեռացրել է։
Ինչու են առողջացածների տվյալները նվազել. Փաշինյանը հայտնեց հաշվարկի նոր սխեմայի մասին