ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա

Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են։ Կավասակիի համախտանիշի նոր դեպք չի գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մինչև հունիսի 2-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1013 երեխայի մոտ, որից 479-ը` 1-8 տարեկան։ Կավասակի համախտանիշ է հաստատվել մեկ երեխայի մոտ»,– գրված է մեր հարցման պատասխանում։

Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Կավասակի համախտանիշի դեպք է ախտորոշվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։

Կավասակիի համախտանիշն առաջին անգամ բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին՝ 1967թ-ին։ Բժշկի անունով կոչված անսովոր համախտանիշը գրանցվում է միայն երեխաների մոտ, մեծ մասամբ՝ մինչև 5 տարեկան։ Հիվանդությանը բնորոշ է արյունատար անոթների բորբոքումն ու ախտահարումը, որոնց  հետևանքով կարող են սիրտ-անոթային հիվանդություններ առաջանալ։

Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին

Կավասակիի համախտանիշ ուներ Ջեթ Տրավոլտան՝ հայտնի հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջոն Տրավոլտայի որդին։ Ջեթի մահը մեծ աղմուկ բարձրացրեց։ Երկու տարեկանում Տրավոլտա-կրտսերի մոտ Կավասակիի համախտանիշ էին ախտորոշել։ 2009 թ-ին 16-ամյա պատանին լոգարանում կորցրեց գիտակցությունը, ընկավ և վնասվածք ստացավ, որն էլ նրա մահվան պատճառ դարձավ։ Ենթադրվում է, որ Ջեթը կորցրել է գիտակցությունը էպիլեպտիկ նոպայի պատճառով, որը հանդիպում է Կավասակիի համախտանիշով տառապող մարդկանց հետ։

Մինչև կորոնավիրուսի համավարակը Կավասակիի համախտանիշի վիճակագրությունը համեմատաբար ցածր էր։ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ համախտանիշն առավել հաճախ հանդիպում էր ասիական երկրներում․ օրինակ՝ Ճապոնիայում տարեկան 26 հազար դեպք էր գրանցվում, ԱՄՆ-ում հիվանդությունը 4200 երեխայի էր ախտահարում։

Կորոնավիրուսի բռնկումը «արթնացրել է» նաև Կավասակիի համախտանիշը։ Ըստ «The Lancet» բժշկական ամսագրի՝ եթե համավարակից առաջ եվրոպական երկրներում համախտանիշը հայտնաբերվում էր յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ, ապա հիմա այդ թիվը 20 անգամ աճել է, և հիվանդությունը «որսում է» յուրաքանչյուր հազարերորդ փոքրիկին։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 7 մահ է արձանագրվել. նոր տվյալներ