Ով է Կիմուրոէն և ով` Թաթարյանը, կամ արժե՞ արդյոք ժամանակի ավազին հետույքի դրոշմը թողնել

Կորոնավիրուսը բոլորիս ձեռքն ու ոտքը շղթայել է, իսկ նրանց համար, ովքեր սիրում են աշխատանքը և կարողանում են աշխատել (իսկ մեր երկրում այդպիսիք մեծամասնություն են կազմում) հարկադրված պարապուրդն անտանելի է դառնում։
Sputnik

«Քո ոտնահետքերը չեն մնա ժամանակի ավազին, եթե դու նստած ես, իսկ ո՞վ է ուզում ժամանակի ավազին հետույքի դրոշմը թողնել»։

Կարծում էի՝ Գեորգի Անդրեևիչ Թաթարյանի խոսքերից կլինի։

-Չէ, Ձիրոէմոն Կիմուրոէն է ասել,-ուղղեց նա։

Ո՞վ է Ձիրոէմոն Կիմուրոէն, ո՞վ է Թաթարյանը և ինչո՞ւ ենք այդ մասին այսօր խոսում։

Այսօր ենք խոսում, քանի որ կորոնավիրուսը բոլորիս ձեռքն ու ոտքը շղթայել է, իսկ նրանց համար, ովքեր սիրում են աշխատանքը և կարողանում են աշխատել (իսկ մեր երկրում այդպիսիք մեծամասնություն են կազմում) հարկադրված պարապուրդն անտանելի է դառնում։ Քանի որ, ըստ ամենայնի, մարդիկ շուտով կբախվեն աշխատանքի կորստի փաստին։ Եվ ոչ միայն զբոսաշրջության, սպասարկման և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը

Եվ այսպես, Գեորգի Անդրեևիչ Թաթարյանը «Տրանսգազստրոյ» տրեստի լեգենդար կառավարիչն էր, «ես չեմ աշխատում, ես հաճույք եմ ստանում» արտահայտության հեղինակը։

Ձիրոէմոն Կիմուրոն Ճապոնիայի ամենածեր բնակիչն էր. ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել է և մահացել 116 տարեկանում՝ ֆերմայում աշխատելիս։

Հաջորդիվ, ինչպես հասկացաք, աշխատանքի նշանակության և օգտակարության մասին է լինելու։ Ոչ միայն գրպանի, այլև հոգու համար, թեկուզ հենց այն պատճառով միայն, որ աշխատանքն ազատում է երեք մեծագույն չարիքներից՝ ձանձրույթից, արատներից և կարիքից։ Եվ այս նշումներն էլ արվել են, քանի որ ձեռքերը ծալած նստելը մահու չափ ձանձրացրել է, ուրեմն գոնե հիշենք, թե ինչպես է եղել առաջ և խոսենք մեզ անհանգստացնող բաներից։

․․․Անցած տարի Շվեյցարիայի քաղաքացիներն աշխատել են ավելի քան ութ միլիարդ ժամ և այդ կերպ ևս մեկ անգամ հաստատել բացառիկ աշխատասեր ազգի իրենց համբավը։ Ազգի, որի 82%-ն ապագային նայում է լավատեսորեն, իսկ 7%-ը` նույնիսկ «մեծագույն լավատեսությամբ»։

Հեշտությամբ ենք ուրիշի հողի վրա աշխատելու գնում, բայց դա հաշիվ չէ, դրանով ուրիշ տեղի վիճակագրական վարչություն թող զբաղվի։ Մինչդեռ նրանք, ովքեր մեր երկրում են աշխատում, հաճախ ավելի վատ չեն աշխատում, քան ուրիշ տեղերում։ Խոսքն առաջին հերթին սպասարկման ոլորտի մասին է, որտեղ սեղանների միջև պտտվող մարդկանց թիվը մի փոքր է միայն պակաս սեղանների շուրջ նստած մարդկանց թվից։ Բայց այստեղ հեղինակը կցանկանար նշել «երևանյան ոճով» աշխատանքի մի առանձնահատկություն։

«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցներին

Աշխարհում գոյություն ունի «բողոքական աշխատանքային էթիկա», որի համաձայն՝ աշխատանքը յուրաքանչյուրի առաքինությունն ու պարտքն է, այն ապահովում է հանրության բարգավաճումն ընդհանրապես և առանձին քաղաքացունը՝ մասնավորապես։

Այսօր Հայաստանում աշխատանքային էթիկա է ձևավորվել, ըստ որի՝ աշխատանքը ոչ միայն սահմանադրական իրավունք է, այլ նաև հաջողություն, ինչի հետևանքով թե՛ հանրության, թե՛ դրա առանձին քաղաքացիների բարգավաճումը բավական բարդացել է։ Փոխարենը՝ երբ աշխատանք կա, դրա մեջ ներդրվում են ոչ միայն ունակությունները, այլ նաև հոգին, իսկ դա այն առաքինությունն է, որը Ժնևյան լճի ափերին հաճախ չի հանդիպում։

«Ձեր անունով անցագիր չկա»․ «Սվո Ռաֆի» խորամանկ հնարքների և մերօրյա հորինվածքների մասին

Հեղինակը բազմաթիվ երկարակյաց աշխատողների է հիշում, որոնց «ոտնահետքերը մնացել են ժամանակի ավազին», և նրա համար զվարճալի է, երբ ներկայիս գործարար-շնաձկներից մի քանիսը սկսում են իրենց աշխատանքը բնութագրել իբրև «ստրուկի աշխատանք՝ բամբակի պլանտացիաներում»․․․

Սեփական հաճույքի համար անցյալից մի քանի անուն նշեմ․

Գեորգի Թաթարյան՝ «Տրանսգազստրոյ», Հրանտ Հարությունյան՝ «Մասիս» կոշիկի գործարան, Դմիտրի Ադբաշյան՝ Քաղաքացիական ավիացիայի վարչություն․․․ բոլորը առաջին դեմքեր են ինչպես աշխատանքային սեղանի շուրջ իրենց տեղի, այնպես էլ աշխատանքային սխրանքների առումով։

«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը

Գեորգի Թաթարյանի հետ շատ հին հարցազրույցից․

-Աշխատանքից չե՞ք հոգնում։

-Ես չեմ աշխատում։ Ես հաճույք եմ ստանում․․․  

Վլադիմիր Պոզներ, հեռուստալրագրող․

«Ես առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է 55 տարեկանում չցանկանալ աշխատել»։

Երաժշտական քննադատ Արտեմիյ Տրոիցկի․ «Միակ ելքը՝ ուղղակի դադարել աշխատանքի գնալ։ Աշխատավարձը մանրուք է, թոշակն ընդհանրապես՝ թու։ Թող Վլադիմիրն Պոզներն աշխատի, նա շատ է ուզում աշխատել»։

Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ

Եվ Պոզներն աշխատում է։ Իր 86 տարեկանում։

Սա մի տեսակետ է, որը նման է ամերիկացի սոցիալական քննադատ Բարբարա Էրենռայխի հնչեցրածին․ «Անձամբ ես աշխատանքի դեմ ոչինչ չունեմ, հատկապես, երբ այն հանգիստ ու համեստորեն կատարում է ինչ-որ մեկ ուրիշը»։ Ամեն մեկն իր կարծիքն ունի։

Իր 115-ամյակի նախօրեին Կիմուրո-Սանն ասաց, որ երկարակեցության գաղտնիքը չգիտի։

«Հնարավոր է՝ այս ամենն ուղղակի իմ գլխի վերևում շողացող արևի շնորհիվ է,-ասաց նա,-ես միշտ վերև եմ նայում՝ երկնքին, դե, ես էլ այդպիսի մարդ եմ»։

Մեր հայկական գլուխների վերևում երկինքն ավելի վատը չէ և արևն ավելի վատ չի շողում, աշխատանքի հարցն է ավելի վատ։ Բայց միևնույնն է՝ վերև ենք նայում։ Դե, մենք էլ այդպիսի մարդիկ ենք։

Ապրեցեք երկար։

«Հենդե խոխ». հոսպիտալ դարձած դպրոցի միոտանի ուսուցչի գերմաներենն ու հայի արյունով ռուսը