Այս փոփոխության մասին մեր ծառայողները նախկինում ուղղակի կերազեին. ՀՀ ոստիկանապետ

Արման Սարգսյանն Ազգային ժողովում խոսեց ոստիկանական համակարգում տեղի ունեցած մեկ կարևոր փոփոխության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ վստահեցրեց, որ տարիներ շարունակ համակարգում խնդիր հանդիսացող վառելիքի հարցն արդեն իսկ լուծվել է։

«Այս փոփոխության մասին մեր ծառայողները նախկինում ուղղակի կերազեին։ Կառավարության որոշմամբ` հնարավորություն տրվեց պետական մարմիններին, որ կարողանան տարածքային մարմիններում ծառայող որոշակի ոլորտի աշխատակիցներին հավելյալ վառելիք տրամադրել»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` տարածքային բաժինների հետաքննիչները, համայնքային ոստիկանները, օպերլիազորներն օրական 4 լիտր բենզինի հաշվարկով գումար են ստանում։ Այսինքն` ամսվա ավարտին 120 լիտր բենզինի գումար է փոխանցվում նրանց հաշվին։ Մայիսից ոստիկանության ծառայողներն արդեն իսկ ստացել են այդ գումարները։

Այս տարի սպանության չբացահայտված դեպք չկա. ՀՀ ոստիկանապետը բացառեց թվերի «նկարչությունը»

Սարգսյանը ևս մեկ փոփոխության մասին էլ հայտնեց` հունիսից սկսած` Երևան քաղաքի վարչության ծառայողները պարգևավճարների ֆոնդում ավելի շատ գումար կստանան, քան մարզերի ծառայողները։ Նրա գնահատմամբ` անարդար մոտեցում կար, օրինակ, Կենտրոնականի և Ամասիայի բաժինների, Արաբկիրի և Ջերմուկի բաժինների ծառայողների պարգևավճարների մասին։

Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանն արձագանքել է

Ինչ վերաբերում է համակարգում կադրերի հոսունությանը, ապա ոստիկանապետի տվյալներով` եթե 2018–ին ոստիկանությունից ազատվել է 968 ծառայող, ապա 2019-ին` 205։

Հիշեցնենք` Սարգսյանն այսօր հայտնել էր նաև, որ ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը նախորդ տարի կազմել է 277 000 դրամ` ներառյալ պարգևավճարը։ 2017-18թթ. ցուցանիշին այդ գումարը գերազանցել է առնվազն 23 տոկոսով։ Սա, ըստ նրա, հեղափոխական ցուցանիշ է։

Ոստիկանության Արտաշատի բաժնի 2 նախկին պետի մեղադրանք է առաջադրվել