ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու, և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պարետի ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների հետևանքով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Այսօրվանից՝ հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։