Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է

«Իմ քայլի» պատգամավորը հայտնում է, որ Փարաքարում երիտասարդի մահվան դեպք է գրանցվել, սակայն Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավարն այլ տվյալներ հայտնեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Facebook–ում գրել է, որ այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կորոնավիրուսից մի երիտասարդ է մահացել։

«Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և, ցավոք, այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)»,– նշել է նա։

ԱԺ պատգամավորը միաժամանակ կոչ է արել ուշքի գալ և հետևել հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Փարաքարի համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի հետ, որը հայտնեց` կորոնավիրուսից մահացածը 1957 թվականի ծնված մի տղամարդ էր։

«62-ամյա տղամարդը, որն այսօր մահացել է, ուներ նաև սրտի խնդիրներ, այսինքն` ուղեկցող խրոնիկական հիվանդություն։ Նա երևանյան հիվանդանոցներից մեկում էր բուժում ստանում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից (մահացածների ընդհանուր թիվը` 170), իսկ վարակվածների թիվն ավելացել է 515–ով` հասնելով 10524–ի։ Առայսօր կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացել է 59 մարդ։