Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Արմեն Խաչատրյանը 63 տարեկան էր, նա երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. 63 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Խաչատրյանը երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։

Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է

Արմեն Խաչատրյանը ծնվել էր 1957թ. օգոստոսի 13–ին Երևանում։ 1978թ–ին ավարտել էր Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1999թ–ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, 1999 -2003թթ–ին` Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամ։

2003-2010թթ–ին եղել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2004-2016թթ–ին` Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը (նստավայրը` Կիև), 2010-2017թթ–ին` Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում` ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչը։