Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել

Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց տվյալները հրապարակելու դեպքով հարուցվել է քրեական գործ։

«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է մահացածների տվյալների արտահոսքն ու մեղադրում պարետատանը

«Ոստիկանության ծառայողների` համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ Facebook սոցցանցում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրգործ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հարուցված քրգործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության մասին տվյալներ։

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տվյալների արտահոսքի համար արդեն դիմել են իրավապահներին։

Իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կատարվածը կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։