ԱԺ–ն քննարկում է մեկուսացման նպաստ տրամադրելու նախագիծը. ո՞ւմ համար է այն նախատեսված

Նարեկ Զեյնալյանն ԱԺ–ին նոր նախագիծ ներկայացրեց, ըստ որի` սոցիալական աջակցության ևս մեկ տարբերակ կգործի, որից կօգտվեն մեկուսացվածներն ու ինքնամեկուսացածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է մեկուսացման նպաստ սահմանել վարձու աշխատողների համար, որոնք պարետի ցուցումով մեկուսացվել կամ ինքնամեկուսացել են։ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն այսօր Զեյնալյանը ներկայացրեց ԱԺ–ին։

ԱԺ–ն ուզում է նոր խորհրդականներ հրավիրել և  բարձրացնել փորձագետների աշխատավարձերը

«Առաջարկում եմ սահմանել նպաստի մեկ ձև` մեկուսացման նպաստ, նրանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձ և պարետի ցուցումով մեկուսացված կամ էլ ինքնամեկուսացած են։ Մինչ այժմ 5000 անձ է մեկուսացված, ինքնամեկուսացած են 15 000-ը»,–ասաց նա։

Պատգամավորի խոսքով` բոլորը չէ, որ կարող են օգտվել աջակցությունից։ Մասնավորապես, նպաստից չեն կարող օգտվել այն անձինք, որոնք հեռավար են աշխատել։ Չեն վարձատրվի նաև նրանք, ովքեր հարկադիր արձակուրդում են հայտնվել, իսկ գործատուն նրանց որոշակի փոխհատուցում է տրամադրել։ Մեկուսացման և ինքնամեկուսացման պայմանները խախտողները ևս կզրկվեն աջակցությունից։

Իմացե՛ք՝ ինչի եք գնում. ԱԺ–ն քննարկել է վարկային երաշխավորների մասին օրինագիծը

Վճարումը կիրականացվի նույն սկզբունքով, ինչպես ժամանակավոր անաշխատունակության նպաստը։ Զեյնալյանը հայտնեց նաև, որ եթե առավելագույնը 20 000 մարդու նման նպաստ տրամադրեն, ապա պետության վրա դա կարժենա 400 մլն դրամ։
ԱԺ պատգամավորը նշեց, որ նախագծի շահառու կարող են լինել մարտի 1-ից մեկուսացված կամ ինքնամեկուսացած քաղաքացիները։

«Լոռու մարզպետը քեֆ է անում, բայց ասում են` ժողովուրդ, լավ չնստեցիք ավտոբուս». Մարուքյան