Թող նրանք էլ նշեն. ՀՀ–ում ապրող ազգային փոքրամասնությունների համար նոր օրենք ընդունվեց

Ոչ հայ աշխատողները կարող են մինչև չորս օր չվճարվող արձակուրդ վերցնել իրենց տոների և հիշատակի օրերի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik.Հայաստանում աշխատող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց ազգային տոների և հիշատակի օրերի համար կարող են լրացուցիչ արձակուրդ վերցնել։ Համապատասխան օրինագիծն այսօր ԱԺ–ում ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ:

Հայաստանում կանայք Շվեյցարիայից դեռ 53 տարի առաջ ընտրելու իրավունք ունեին

Նախագիծը ներկայացրել էր եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Ըստ այդ օրինագծի`Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն կտրվի: Բանն այն է, որ հայկական տոներն ու հիշատակի օրերը (Սուրբ Ծնունդ, ապրիլի 24, մայիսի 28 և այլն) ամրագրված են որպես ոչ աշխատանքային օրեր, իսկ մյուս ազգությունների ներկայացուցիչներինը` ոչ։

Օրինակ՝ Հայաստանում ապրող հույներն ամեն տարի մայիսի 19-ին փորձում են գալ Երևան ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ի հիշատակ Թուրքիայում հույն ժողովրդի ցեղասպանության), բայց նրանցից շատերը ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել (հույների մի մասն ապրում է Վանաձորում և Ալավերդիում)։ Եվ եթե մարդն աշխատում է, ապա նրա գալը կրկնակի է բարդանում։

Նույնը կարող է վերաբերել, օրինակ, ռուս մոլոկաններին, որոնք Զատիկը մի քանի օր են նշում, կամ մյուս քրիստոնյաներին՝ հույներին, ասորիներին, ուղղափառ ռուսներին, որոնք Սուրբ Ծնունդը նշում են կա՛մ դեկտեմբերի 25 –ին, կա՛մ հունվարի 7-ին (հայերը ՝ հունվարի 6-ին) ։ Ինչ վերաբերում է եզդիներին, ապա նրանց գխավոր տոներից մեկը նշվում է ապրիլին։

Նկատենք, որ գործատուների մի մասը նման օրերին պատրաստակամորեն է իր աշխատակիցներին թույլ տալիս արձակուրդ վերցնել ( նույնիսկ վճարովի)։ Բայց որպեսզի աշխատողները կախված չլինեն «վատ» կամ «լավ » գործատուից, նրանց իրավունքներն ամրագրվեցին օրենքով։