Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից

Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո 101-ամյա Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել հիվանդանոցից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101–ամյա կինը, որը վարակվել էր կորոնավիրուսով։ Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկությունը հայտնել է ԲԿ–ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` հրապարակելով նաև կնոջ լուսանկարը։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի

«1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը»,–գրել է Խաչատրյանը։

Մեկ շաբաթից ավել նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում։ Վիճակի որոշակի կայունացումից հետո 101–ամյա կինը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:

Հիշեցնենք` Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 17-ը վարակվել էին կորոնավիրուսով, նրանցից մեկը մայիսի 21–ին մահացել էր։ 

Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 002–ի։ Նրանցից 3427–ն է առողջացել։ Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։