Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Արցախի նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսով վարակված չէ։ Նրա` այսօր հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Պուտինը Փաշինյանին շուտափույթ ապաքինում է մաղթել. ՀՀ և ՌԴ ղեկավարները հեռախոսով զրուցել են

«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Covid-19-ի թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,–գրել է նա:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դառնալուց հետո, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Նա կրկնակի թեստավորում է անցել, որովհետև մասնակցել է մայիսի 28-ի Առաջին հանրապետության տոնակատարություններին։

Նշենք, որ Արցախում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 3–ն այսօր։ Նրանցից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախի Հանրապետությունում մեկուսացված է 102 քաղաքացի, կորոնավիրուսի ախտորոշման 926 թեստ է կատարվել։