Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 27000-ը. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սանչեսին

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ միջազգային համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ մարդկությանը շուտով կհաջողվի հաղթահարել այս մարտահրավերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն արդեն 27 121 է։ Վարակակիրների թվով Իսպանիան աշխարհում չորրորդ տեղում է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքի մահճակալների 95 %-ը զբաղված է

«Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի հետևանքով գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ մարդկությանը շուտով կհաջողվի հաղթահարել այս մարտահրավերը:

Նա Իսպանիայի բարեկամ ժողովրդին մաղթել է ուժ, համբերություն և ոգու տոկունություն։

Հիշեցնենք՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 957 722 –ի։ Worldometer կայքի տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ աշխարհում 363 426 է։ Վարակի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 774 447 մարդու մոտ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում 438 812 մարդ է վարակվել COVID-19–ով:

Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 387 623 հաստատված դեպքով։ ՌԴ–ին հաջորդում են Իսպանիան (285 644), Մեծ Բրիտանիան (269 127), Իտալիան (232 248)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան (186 238), Գերմանիան (182 711), Հնդկաստանը (172 359) և Թուրքիան (160 979)։

Հայաստանը 56-րդ տեղում է (8 676)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները