Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ հիվանդանոցում

Դատարանի որոշմամբ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Մինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է. դատական նիստը հետաձգվեց

«Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Հիշեցնենք՝ վերջին դատական նիստին՝ մայիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հետևաբար չի կարող մասնակցել նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է դատական նիստի օրը