Առաջին հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած և միասնական հայրենիք, որն իր հովանու տակ կառնի ողջ հայ ժողովրդին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ նշում է, որ հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով:

«Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը: Այս օրհասական պայմաններում, թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը»,- ասված է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանը փաստում է, որ Հայաստանի առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է, քանի որ Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան 500 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը: Դա սերունդների երազանքն էր և ազգային-ազատագրական դարավոր պայքարի արդյունքը:

Հայաստանում կանայք Շվեյցարիայից դեռ 53 տարի առաջ ընտրելու իրավունք ունեին

«Երկրում ստեղծվեց բազմակուսակցական դեմոկրատական կառավարման համակարգ, հաստատվեցին քաղաքացիական ազատություններ, հավասար ընտրական իրավունքներ, այդ թվում՝ կանանց: Սկիզբ դրվեց պետական շինարարությանը, զարկ տրվեց լուսավորությանը, գիտությանն ու կրթությանը: Ամեն կողմից Հայրենիք շտապեցին կարող ուժեր՝ իրենց ծառայությունը մատուցելու նորանկախ պետությանը»,- նշում է նախագահը:

102 տարի առաջ Հայաստանը դարձավ միջազգային սուբյեկտ, հաստատվեցին արտաքին կապեր, մի շարք երկրներում նշանակվեցին Հայաստանի դեսպաններ և ներկայացուցիչներ:

«Առաջին hանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը:
Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պետք է լինի Հայաստանի որպես հայության համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախոսության իրագործումը»,- ասված է նախագահի ուղերձում:

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

Առաջին հանրապետության ազգային մեծ ուխտը, մեր քաղաքական և պատմական ժառանգությունը, նախագահի բնորոշմամբ, այսօր դրսևորվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման հարցերը տեղավորվում են հենց այդ հասկացության մեջ:

«100 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար: 1991թ. անկախությունից հետո Հայաստանը աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը»,- նշում է Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած և միասնական հայրենիք, որն իր հովանու տակ կառնի ողջ հայ ժողովրդին:

Եթե ընդունում եք ձեր սխալները, ուրեմն ուժեղ եք. ՀՀ նախագահի հարցազրույցը հնդկական պորտալին