Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանը կմնա անազատության մեջ. որոշում

Սասունյանի փաստաբանները հիասթափված են նահանգապետի որոշումից։ Նրանք հույս են հայտնել, որ գոնե այս անգամ նահանգապետի որոշման մեջ Թուրքիայի մատը խառը չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մերժել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշումը: Այս մասին հայտնում է Կալիֆոռնիայի հայկական «Ասպարեզ» պարբերականը։

2019 թվականի դեկտեմբերին բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը որոշել էր ազատ արձակել Սասունյանին։

Իր որոշման մեջ նահանգապետը նշել է, որ անցած տասնամյակների ընթացքում Սասունյանը զգալի ջանքեր է գործադրել իր պահվածքը շտկելու համար: Այնուամենայնիվ, դեռ դժվար է հավատալ, որ նա ազատ կարձակվի:

«Ես բարձր եմ գնահատում Սասունյանի ջանքերը, բայց կան ավելի համոզիչ հանգամանքներ, որոնք խանգարում են նրան ազատ արձակելուն: Իմ կարծիքով՝ Սասունյանը շարունակաբար թերագնահատում է իրենից պահանջվող աչալրջությունը, ներկայում և ապագայում՝ հետևողականորեն գործելու օրենքի պահպանելու և նույնիսկ անուղղակիորեն բռնություն հրահրելուց խուսափելու վարքագծով:Այդ պատճառով նա հասարակության համար մնում է վտանգավոր»,–նշված է նամակում։

Սասունյանի փաստաբանները հիասթափված են նահանգապետի որոշումից: 

«Բանտում անցկացրած տարիներին Համբիկն արել է ամեն ինչ իր վարքագիծը լավացնելու համար և դարձել է օրինակելի բանտարկյալ: Դա փաստ է, որն անգամ նահանգապետն է ընդունել: Հուսանք, որ ինչպես նախկինում, նահանգապետը տեղի չի տվել թուրքական կառավարության ճնշումներին՝ Սպիտակ տունն օգտագործելով իր նպատակների համար»,-ասել են նրանք:

Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանը կմնա անազատության մեջ. որոշում

Ըստ փաստաբանների՝ բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը պետք է շարունակի աշխատանքը և փորձի այլ ճանապարհներ գտնել Սասունյանին ազատ արձակելու համար:

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:

Համբիկ Սասունյանի ճակատագիրը մեկ մարդու ձեռքում է, կամ ինչով կարող է հայրենիքն օգնել նրան

Հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ կարմիր լույսի տակ գտնվելու ժամանակ: Նրա վրա կրակած երկու անձանցից մեկը Սասունյանն էր: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել սպանության պատասխանատվությունը:

Սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է՝ ի նշան վրեժի օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ գործած ցեղասպանության: 1984 թվականին դատարանը վճռել էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի՝ ընդգծելով, որ սպանությունն իրականացվել է Արըքանի ազգային պատկանելության պատճառով:

Թուրքիան ԱՄՆ–ին կոչ է արել ազատ չարձակել Հայոց եղեռնի համար վրեժ լուծած Համբիկ Սասունյանին

Սասունյանն ի սկզբանե մերժում էր հյուպատոսին սպանելու փաստը և միայն սպանությունից 20 տարի անց՝ 2002 թվականին, նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանել է իր դերակատարությունը Արըքանի սպանության գործում՝ նշելով, որ կիսում է վերջինիս ընտանիքի կորստյան ցավը:

Հանցանքը խոստովանելու դիմաց դատախազները համաձայնեցին նրա մեղադրականից հանել «սպանությունն ազգային հողի վրա իրականացնելու» դրույթը, ինչը նրան պայմանական ազատ արձակելու հնարավորություն է ընձեռում: