ՌԱԴԻՈ

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված գազային պայմանագրին։
Sputnik
Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Ջոնի Մելիքյանի փոխանցմամբ` խոսքը գործող պայմանագրի մասին է, որը ստորագրվել է 2019թ.–ի սկզբին և կավարտվի այս տարվա դեկտեմբերի 31-ին։ Պայմանագիրը նախատեսում է ռուսական գազի տարանցման ապահովումը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան, ինչի դիմաց Վրաստանը ստանում է ֆինանսական փոխհատուցում։ 

Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

«Պայմանագրի երկրորդ հատվածը կապված է կոմերցիոն գազ գնելու հնարավորության հետ։ Այնտեղ ֆիքսված է գումար, որով վրացական կողմը սահմանափակ քանակությամբ կոմերցիոն գազ կարող է գնել «Գազպրոմից» երկու տարվա ընթացքում։ Քանի որ նավթային շուկայում կա գնանկում, ապա դա իր ազդեցությունն է թողել նաև գազային շուկայի վրա, հետևաբար ռուսական կողմը եվրոպական երկրների ընկերություններին համեմատաբար էժան գնով գազ է մատակարարում` ստեղծված իրավիճակում վերանայելով գնային քաղաքականությունը»,– նշում է վրացագետը։

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` պայմանագրում հավանաբար ֆիքսված է տվյալ կետը, ըստ որի` եթե միջազգային կոնյունկտուրան փոխվում է, ապա դա ստեղծում է հնարավորություն վերաքննարկելու և վերահաստատելու սակագինը։ Ըստ նրա` Վրաստանում տարեցտարի ավելանում են գազի սպառման ծավալները, իսկ մյուս կողմից ադրբեջանական Շահդենիզի շահագործման կասեցման պայմաններում գազի հավելյալ պաշարներ հնարավոր չէ կուտակել, ուստի առաջացել է ռուսական կողմին դիմելու մոտիվացիա։

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Քանի որ ներկայումս ինտենսիվ գազային բանակցություններ են ընթանում նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև, և դեռ գնի հարցում չի հաջողվել գալ ընդհանուր հայտարարի, Ջոնի Մելիքյանն, այնուամենայնիվ, ռուս–վրացական պայմանագիրը չի համարում ռուսական կողմի մեսիջ ուղղված Հայաստանին։ Այն, ինչին կողմերը հանգել են հարևան երկրում, դա, ըստ նրա, վերաբերում է բացառապես ռուս–վրացական շրջանակներին, մինչդեռ Հայաստանն իր հերթին ունի Ռուսաստանի հետ կնքված առանձին պայմանագիր։ 

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունը վերանայել է «Գազպրոմի» հետ ընթացիկ պայմանագիրն ու ներկրվող գազի գնի նվազեցման մասին պայմանավորվածություն է ձեռքբերել։ Կոմերցիոն գաղտնիքի նկատառումներից ելնելով՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարը չի խոսել հստակ թվերից, սակայն նշել է, որ բնական գազի գինը կնվազի 15%-ով։