Դավիթին արդեն գիտի ոչ միայն ամբողջ Չինչինը։ Նրա մասին այս տարի իմացան նաև հարևան գյուղերում ու շրջկենտրոնում։ Բերդ համայնքն այս տարի 271 շրջանավարտ ունեցավ (նախորդ տարի՝ 280). խոշորացված համայնքում ընդգրկված Չինչին գյուղը միակն էր, որ միայն մեկ շրջանավարտ ուներ։
Երբ բացակա ես` ամբողջ դասարանն է բացակա
Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել։ Այն հարցիս՝ բա ինչպես ես դասից փախել, զարմանում է՝ դասարանում միակը լինելու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ դպրոցական նման չարաճճիությունները մարդու մտքով էլ չի անցնում։ Իր դպրոցական 12 տարիների ընթացքում մատների վրա է հիշում հիվանդանալու պատճառով բացակայելու դեպքերը։ Ասում է՝ դասարանում միակը լինելը և՛ առավելություն ունի, և՛ թերություն։
«Մի կողմից ստացվում է, որ ուսուցչի ամբողջ ուշադրությունը դեպի քեզ է ուղղված, բայց այս դեպքում էլ մրցակցություն չկա»։
Աշակերտները քիչ են, բայց ուսուցիչները լավն են. Դավիթը հպարտությամբ է ասում ՝ գյուղի գրեթե բոլոր շրջանավարտները, որ ցանկանում են ուսումը շարունակել, բարձրագույն են ընդունվում անգամ առանց կրկնուսույցի։ Օրինակներից մեկն իր քույրն է, որն արդեն Բրյուսովի ուսանող է։
Դավիթը ոչ միայն այս, այլև 2019-2021թթ. Չինչինի միակ շրջանավարտն է
Այն, որ «Վերջին զանգի» միջոցառում չունեցավ, առանձնապես չի տխրեցրել ու չի հիասթափեցրել Դավիթին. կարևորը՝ բոլորը ջերմ ու անկեղծ շնորհավորել են իրեն, անուշադրության չեն մատնել։ Նույնիսկ օրեր առաջ խնդրել էին սպիտակ վերնաշապիկով լուսանկարվել, որ «Վերջին զանգի» օրը հատուկ շնորհավորեն ու պատմեն Չինչինի միակ շրջանավարտի մասին։
«Հարևանները, ուսուցիչները, բարեկամները, մանկապարտեզի դաստիարակները՝ բոլորը շնորհավորել են»,-ասում է Դավիթն ու միանգամից ավելացնում՝ հեռախոսազանգով։
Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում
Չինչինի դպրոցը նախանցած տարի շրջանավարտ չի ունեցել, եկող տարի էլ չի ունենա։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։ Մանկապարտեզի անձնակազմը Դավիթի համար հետաքրքիր անակնկալ էլ էր պատրաստել. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։
Հիմա Դավիթը կենտրոնացած իր հետագա ծրագրերի մասին է մտածում։ Մաթեմատիկայի միասնական քննության է մասնակցելու. ցանկանում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան, ռոբոտատեխնիկա ու մեխատրոնիկա սովորել։ Համագյուղացի տղաներից մեկը հիմա այնտեղ է սովորում, մասնագիտության գրավչության մասին հենց նա է պատմել։ Դավիթն ուզում է սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծել։
Չինչինն աշխարհի ամենալավ տեղն է
Ուսումն ավարտելուց հետո Դավիթն անպայման ուզում է գյուղ վերադառնալ, այլ ծրագրեր այս պահին չունի։ Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ընտանիքին նվիրվածությունն ու հոգատարությունը հորից է ժառանգել։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։
«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։
Հետո Դավիթը սկսում է մեկը մյուսի հետևից պատմել, թե ինչքան սիրուն է իրենց գյուղը, ինչքան տեսնելու բան կա՝ Ղուզանի քարը, Կապտավանքը, Շխմուրադի վանքը։
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը
«Անգամ մարդկանց տնամերձերում հին խաչեր կան, մեր գյուղում շատ բան կա, որ տուրիստներին կհետաքրքրի»,- առանձնահատուկ սիրով պատմում է Դավիթն ու կրկնում, որ գյուղն ավելի լավ էլ կարող է լինել, եթե զարգացման ծրագրերն իրականություն դառնան։
Երբ գյուղի 60-70 տոկոսը ծերերն են...
Խորհրդային տարիներին Չինչինը 1000-ից ավելի բնակիչ ուներ, դպրոցն այնքան շատ աշակերտ էր ունենում, որ Ա, Բ, Գ դասարաններ էին կազմվում։ Գյուղապետը՝ Կարեն Դարբինյանը, 1998-ին է դպրոցն ավարտել, դասարանում 13 հոգի էին։ Բայց տարեց տարի շրջանավարտների թիվը պակասեց։
«Հիմա գյուղի 60-70 տոկոսը ծերերն են»,- ցավով ասում է գյուղապետը։
Չինչինում 180 տնտեսություն կա, գրանցված բնակիչների թիվը մոտ 630 է, փաստացի ապրում են 400-430-ը։ Մյուսները տան դռները փակել, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնել։
Գյուղը զարգանալու, գրավիչ դառնալու մեծ ներուժ ունի։ Գյուղապետի խոսքով՝ եթե վիրուսը չլիներ, զբոսաշրջության զարգացման համար այս տարի արդեն բավականին շատ բան արած կլինեին, հյուրատներից մեկն արդեն պատրաստ է, մի քանիսն էլ են լինելու։
Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի
Հիմա Չինչինի պատմության, միգուցե, լավագույն շրջանը չէ, բայց գյուղն ապագա ունի. մանկապարտեզում հիմա քսանից ավելի երեխա կա, նախկինում վեց-յոթն էին։ Այս տարի արդեն երկու ծնունդ են ունեցել, մի քանիսն էլ դեռ սպասվում են։ Ամեն ինչ կորած չէ՝ նախորդ տարի շրջանավարտ չեն ունեցել, հաջորդին էլ չեն ունենա, բայց այս տարի Դավիթը կար, երկու տարի հետո էլ նոր շրջանավարտներ կլինեն։
Հ.Գ. Ու էլի Դավիթի մասին...
Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զինվորական ծառայությունն է սպասում, որին տղան ինքն իր հերթին է անհամբերությամբ սպասում։ Ասում է՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։
-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի,- հարցնում եմ ես։
-Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասում է Դավիթն ու ավելացնում՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահմաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն են կռվել, մեծ պապը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, այնպես որ իրենց ընտանիքում կռվից խուսափելը պախարակելի է։
Իսկ մինչ ծառայության մեկնելը տղան նաև իր հոբբիով է զբաղում` անմահացնում է սիրելի գյուղի չքնաղ լուսաբացներն ու խորհրդավոր մայրամուտները։