Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան

Մեկամսյա աջակցություն կտրամադրվի այն անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Երևանում և մայրաքաղաքի հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքներ կստանան մեկամսյա սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտ այլ իրեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջև։

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան

«Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հուշագրի շրջանակում մարդասիրական աջակցություն կտրամադրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:

Հուշագրի շրջանակում ոչ միայն սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրվեն ընտանիքներին, այլև քաղաքացիները կիրազեկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

Նախարարությունը տեղեկացնում է, որ մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և այլ ծախսերը կհոգա կազմակերպությունը։

Գործընթացի հասցեականությունն ապահովելու համար աջակցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:

«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին