Ով է բռնցքամարտիկ Ալոյանի հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

Ռուս հայտնի մարզիկ Միխայիլ Ալոյանը չի մոռանում, որ իր մրցակիցները երիտասարդ և հավակնոտ տղաներ են, որոնք երազում են օլիմպիական խաղերի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարում հարգանքով է վերաբերում բոլոր հակառակորդներին, այդ հավատարմագիրը նվաճելու շանսը կախված է միայն մենամարտերին իր սեփական պատրաստվածությունից։ Այդ մասին մարզիկն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Շատերը կարող են մեզ նախանձել. բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը` Տետեի հետ առաջիկա մարտի մասին

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում ում է համարում իր հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում, Ալոյանը նշել է՝ Ռուսաստանի չեմպիոն Ռասուլ Սալիևին՝ Դաղսատանից, ավելացնելով, որ երկրում այլ ուժեղ բռնցքամարտիկներ էլ կան։

«Բոլորն ինձ ծանոթ են, բայց չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել։ Ես նրանց ճանաչում եմ, բայց կարծում եմ՝ իմ գլխավոր հակառակորդը ինքս եմ։ Եթե ես լավ պատրաստված լինեմ, ապա կարող եմ հաղթել բոլորին»,-նշել է Ալոյանը։

Միշա Ալոյան. թող իմ մեդալի հետևից գան Սիբիր

Միաժամանակ, բռնցքամարտիկը չի մոռանում, որ երիտասարդ ու փառասեր հակառակորդներ ունի, որոնք երազում են ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում։

«Մեր երկրում մրցակցություն կա, և դա լավ է, այն միայն օգնում է։ Չի կարելի թուլանալ, և նման մրցակցության պայմաններում ցանկացած բռնցքամարտիկ միայն աճում է»,-ընդգծել է մարզիկը։

Կրկին հաղթանակ․ Միշա Ալոյանը հաղթել է Էսպինոզային տեսարժան մարտում

Նշենք, որ Ալոյանը ծնվել է 1988թ․օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Բամբակաշատ գյուղում։ 1997թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Նովոկուզնեցկ, որտեղ էլ հենց սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Նա ՌԴ վաստակավոր սպորտի վարպետ է։

2012թ-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ալոյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 52 կգ քաշային կարգում, 2016թ-ի Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում նա արծաթ է նվաճել նույն քաշային կարգում, բայց դոպինգ օգտագործելու պատճառով նրան որակազրկել են։