Հայաստան–Իրան 3-րդ ԷՀԳ շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին. Պապիկյան

Նախարարը նշել է, որ մի քանի ամսվա հարկադիր պարապուրդի պատճառով Էլեկտրահաղորդման գծի շինարարության աշխատանքները կարող են հետաձգվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik.Հայաստանի և Իրանի միջև 3-րդ  էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ)  շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջին: Տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գիծը 2020 թվականին «տեղից կշարժվի»

«Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչև 2020 թվականի վերջը։ Մի քանի ամսվա պարապուրդը (կորոնավիրուսի պատճառով – խմբ.) ժամկետների հետ կապված խնդիրներ կառաջացնի, սակայն մենք կանենք ամեն ինչ և հույս ունենք, որ կհասցնենք աշխատանքներն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում»,– ասաց Պապիկյանն ԱԺ–ում` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի և երկու երկրների կիրառած սահմանափակումների պատճառով իրանցի գործընկերներին երեք ամիս չէր հաջողվում Հայաստան ժամանել։

«Սակայն այսօր (շինարարությունն իրականացնող – խմբ.) ընկերության նախագծի մենեջերը արդեն Հայաստանում է: Հունիսի 1-ին Հայաստան կժամանեն ևս 5 ինժեներներ, իսկ երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է, որ ամբողջ թիմը, շուրջ 60 հոգի, տեղում կլինեն, և շինարարական աշխատանքները կշարունակվեն»,– նշեց նախարարը։

Ի՞նչ է լինելու Հայաստան–Իրան էլեկտրագծի հետ, եթե սահմանը երկար փակ մնա

Նախարարը հավելեց նաև, որ ՀՀ կառավարությունը  իրանցի մասնագետներին ազատել է վիզայի վճարներից։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական՝ «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։
Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի