Տրանսպորտում և տաքսիներում ոստիկանությունը պարետի որոշումների խախտման դեպքեր է արձանագրել

Տեսչական մարմնի հայտնաբերած բոլոր իրավախախտումների վերաբերյալ ոստիկանությունը կազմվել է արձանագրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանում պատկան կառույցների շրջայցի և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են հանրային տրանսպորտի ու տաքսի ծառայություններ մատուցողների համար ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների խախտումներ:

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, ստուգված 65 տաքսի ավտոմեքենաներից 20-ում վարորդի կողքի առջևի նստատեղում ուղևորներ են եղել:

Նույն խախտումն է արձանագրվել նաև 3 միկրոավտոբուսներում: Ընդ որում, այս դեպքում առջևի նստարանին 2 ուղևոր է եղել նստած:

Ոստիկանության աշխատակիցները կարգը խախտած ուղևորներին իջեցրել են ու առաջարկել տեղափոխվել միկրոավտոբուսի հետնամաս:

Ստուգողների արձանագրած 1 ավտոբուսի վարորդ էլ երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակի։

Հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ոստիկանությունը կազմվել է արձանագրություններ։

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի որոշմամբ, մայիսի 18-ից տրանսպորտում արգելվել է կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները

Նույն որոշմամբ սահմանված է, որ վարորդները պարտադիր պետք է կրեն եռաշերտ պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ, որոնք պետք է փոխվեն 3 ժամը մեկ պարբերականությամբ։

Առանց  դիմակի ու ձեռնոցի ուղևորների մուտքը տրանսպորտ արգելվում է: Արգելվում է նաև վարորդի կողքի նստարաններին ուղևորների նստեցումը: