Կենդանիների մասնակցության արգելքը կվերացնի կրկեսային հնագույն ժանրերից մեկը, բայց ոչինչ...

Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը մեկնաբանել է ակտիվիստների նախաձեռնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայկական կրկեսը կարող է աշխատել նաև առանց վարժեցրած կենդանիների, ու եթե համապատասխան օրենքում ուղղումներ արվեն, ղեկավարությունը պատրաստ է այդ քայլին դիմել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը։

«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ

Մի խումբ բնապահպաններ change.org կայքում ստորագրահավաք են սկսել «Հայաստանի կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության օգտին։ Նպատակն այն է, որ Հայաստանի կրկեսում պարող, կրակի միջով ցատկող և այլ հնարքներ կատարող կենդանիներ չլինեն։ Մի քանի օրվա ընթացքում 2500 մարդ ստորագրել է նախաձեռնության տակ։

Այս պահին քննարկվում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը։

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Իռլանդիայում, Իտալիայում, Շոտլանդիայում, Հնդկաստանում, Իրանում, կրկեսում կենդանիների հետ աշխատանքն արգելված է։ Այդ երկրներում ժամանակակից տեխնոլոգիաներ են օգտագործում։

«Ատենախոսությանս մի ամբողջ գլուխ նվիրված էր վարժեցմանը։ Դա կրկեսային արվեստի լավագույն ժանրերից է։ Իհարկե, կարելի է առանց կենդանիների, բայց առանց դրա ծրագիրն այդքան հետաքրքիր չի լինի», - կարծում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հանդիսատեսի մեծ մասը կրկես է գալիս հենց կենդանիներին տեսնելու համար։ Պետրոսյանը նշեց, որ երևանյան կրկեսի թատերախումբը կարող է հրաժարվել վարժեցրած կենդանիներից ու հատուկ ծրագրեր մշակել, սակայն դրանցից ոչ մեկը լիարժեք չի փոխարինի նախորդին։

Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով

Պետրոսյանը նշեց, որ կենդանիների մասնակցության արգելքը կվերացնի կրկեսային հնագույն ժանրերից մեկը։

«Ես դեռ չեմ պատկերացնում՝ ինչպես է այդ ամենը լինելու, բայց եթե մեզ մոտ նման որոշում կայացնեն, մենք կենդանիների հետ չենք աշխատի», - ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ մտադիր չէ պայքարել կամ որևէ բան փոխել այդ կապակցությամբ։

Ինչ վերաբերում է վերանորոգումից հետո Երևանի կրկեսի վերաբացմանը, Պետրոսյանը նշեց, որ երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված, ամենայն հավանականությամբ, դա մյուս տարի կլինի։

Առյուծը կրկեսային ելույթի ժամանակ հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ

Ենթադրվում էր, որ Երևանի կրկեսը մինչ 2020 թվականի նոյեմբերն է բացվելու։

Նոր շենքը 8 հարկանի է։ Հարկերից 6-ը վերգետնյա են, 2-ը՝ ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28,5 մետր է, դահլիճը 2300 տեղ ունի։ Առաջին հարկի բարձրությունը 4,5 մետր է, 2-5 հարկերինը՝ 3,3 մետր, իսկ վերջինի բարձրությունը 4,1 մետր է։

Ներքևի հարկերում գործելու են արագ սննդի կետեր, կինոթատրոն ու ժամանցի կենտրոն։ Կրկեսի շենքն ունի սեփական կայանատեղի, հարակից տարածքը նույնպես բարեկարգ է ու կանաչապատ։

Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից. լուսանկարներ