ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել

Ավելացել է նաև անուղղակի մահվան դեպքերը, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածներից մեկը 5 օր առաջ ծննդաբերած կին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik.Հայաստանում վերջին մեկ օրում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից։

Աշխարհում կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հատել է 340 հազարի սահմանը. նոր տվյալներ

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Այլ պատճառով մահացածներից մեկը, ցավոք, 31-ամյա կին է։ Ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 452-ով և դարձել 7113։